ԱՄՆ-ի հեռացող նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, ժողովրդին ուղղված իր հրաժեշտի ուղերձում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել «զգույշ լինել» երկրում զարգացող «օլիգարխիայի» դեմ։
«Այսօր Ամերիկայում ձևավորվում է օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը», — ասել է 82-ամյա դեմոկրատական գործիչն իր միակ նախագահական ժամկետի ավարտին ՝ հավելելով, որ դա «իշխանության կենտրոնացում է մի քանի գերհարուստ մարդկանց ձեռքում»:
ԱՄՆ քաղաքացիները «համակված են թյուր պատկերացումների և ապատեղեկատվության ալիքով, որը խթանում է իշխանության չարաշահումները», — ասել է Բայդենը՝ քննադատելով X-ին և Meta-ին և նրանց սեփականատերեր Իլոն Մասկին ու Մարկ Ցուկերբերգին, գրել են ԶԼՄ-ները։
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ իր նախագահության ընթացքում ինքը տնտեսական աճ է գրանցել՝ միաժամանակ պաշտպանելով շրջակա միջավայրը։ «Մենք անում ենք երկուսն էլ, բայց հզոր ուժերը ցանկանում են օգտագործել իրենց չվերահսկվող ազդեցությունը, որպեսզի ետ շրջեն կլիմայական ճգնաժամը լուծելու համար մեր ձեռնարկած քայլերը»,- ասել է Բայդենը:
Ջո Բայդենը նաեւ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում նախագահական իշխանության ինստիտուտի վերաբերյալ։ Նա, մասնավորապես, կոչ է արել սահմանադրորեն ամրագրել այն դրույթը, որ ոչ մի նախագահ չի կարող ազատվել պատասխանատվության ենթարկվել պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունների համար: «Նախագահի իշխանությունն անսահմանափակ չէ, այն բացարձակ չէ»,- ասել է Բայդենը։
Հանրապետական Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին կստանձնի ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը