Նույն ներքնազգեստը կրել են տարբեր երեխաներ․ ինչ խախտումներ կան «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ում երխաների հագուստը, այդ թվում`ներքնազգեստը, անհատականացված չեն։ Այս խախտումն արձանագրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը` երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն կատարած չհայտարարված այցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Բացառված չէ, որ լվանալուց հետո նույն հագուստը կամ ներքնազգեստը կարող են կրել տարբեր երեխաներ»,– ասված է հաղորդագրությունում։

Այցի ընթացքում հայտնաբերվել է նաև, որ սպասքի, այդ թվում՝ ծծակով շշերի անհատականացումն անընթեռնելի է եղել, ինչը պատճառաբանվել է նրանով, որ ախտահանող լուծույթի պատճառով գրառումները մաքրվում են։

Պարզվել է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերից ի վեր հնարավոր չի եղել իրականացնել մի շարք բժշկական հետազոտություններ, օրինակ՝ օրթոպեդիկ, ակնաբուժական ոլորտներում, քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորումը սպառվել է։

«Արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, իսկ մյուսինը՝ հաստատությունում, սակայն նրանց համար տեսակցություններ չեն կազմակերպվել: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հաստատության տարբեր տարիքային խմբերում խնամվում են քույր-եղբայր կամ ազգական երեխաներ, սակայն բավարար աշխատանքներ չեն իրականացվում նրանց ազգակցական կապի պահպանման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Պահպանված չեն եղել սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը եղել է անբավարար, իսկ տնտեսական պահեստում առկա են եղել ժամկետանց մաքրման միջոցներ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է, որ հաստատության շենքային պայմանները մասնակի են հարմարեցված հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Մշտադիտարկման արդյունքները դեռ ամփոփման փուլում են: Արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles