Փաշինյանը կրկին «քցո՞ւմ» է Մոսկվային. ում «քավորությամբ» կկնքվի խաղաղության պայմանագիրը

Օրեր առաջ Սոչիում կայացած Հայաատան- ՌԴ- Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը իր մեջ, ըստ մի շարք փորձագետների, լուրջ ռիսկեր և վտանգներ էր պարունակում։ Թերևս գլխավոր վտանգը և բացթողումը կայանում է նրանում, որ հայտարարության տեքստում բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, այն փոխարինված է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր եզրույթով, ինչը նշանակում է, որ Բաքուն այս ուղղությամբ լուրջ հաջողություններ է գրանցել: Հաջողություն է նաև այն հանգամանքը, որ հայտարարության տեքստում հստակ նշվում է տարածքային ամբողջականության բաղադրիչը և ոչ մի խոսք չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Հայաստանի և Արցախի համար թերևս միակ դրական կետը այն է, որ Ալիևը կամա թե ակամա ընդունեց խաղաղապահների գործունեության արդյունավետությունը և կարևորությունը, ըստ այդմ նրանց՝ Արցախում գտնվելու ժամկետները կարող են և երկարարացվել. դա կախված է նրանից, թե ինչ քայլեր այդ ուղղությամբ կգործադրի Հայաստանը:

Սակայն, Սոչիի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները ջանքեր գործադրել չեն պատրաստվում, ավելին՝ նրանք կրկին թեքվել են խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակի կողմը, որը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում այս փուլում, ասել է թե ընդունել, որ Արցախը պետք է մտնի Ադրբեջանի կազմ։ Սոչիի հանդիպումից օրեր անց հարցազրույցով հանդես եկած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բացեց որոշ խաղաքարտեր՝ հայտարարելով, որ հանդիպումից առաջ Մոսկվան խոստացել էր համոզել Բաքվին որպեսզի եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտնի Լեռնային Ղարաբաղ անվանումը, սակայն, չի արել դա։

Այսինքն՝ Գրիգորյանը ակնարկում է, որ Մոսկվան չի կատարել իր ստանձնած պարտականությունները։ Այդ նույնը ակնարկում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում է, որ ինքը կողմ է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակին, սակայն Մոսկվան ներուժ չունի Բաքվին համոզելու հարցում, իսկ հարցը առկախված թողնելը, ըստ Փաշինյանի, հղի է նոր ռազմական էսկալացիայով։ Սոչիի հանդիպումից բառացիորեն օրեր անց տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Բրյուսելում, դրան զուգահեռ հանդիպեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ արդեն սահմանազատման հարցը տանելով արևմտյան ծիր։

Ուշագրավ շեշտադրումներ և այսպես ասած՝ քարեր կան նետված Մոսկվայի ուղղությամբ նաև Ռուբեն Ռուբինյանի վերջին հարցազրույցի մեջ: Նա, մասնավորապես, ասել է. «Հայկական կողմը, բնականաբար, առաջարկել և պնդել է, որ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ լինի, կամ Լեռնային Ղարաբաղ տերմինը նշվի, և խաղաղապահների մանդատի երկարացման հարցն է բարձրացրել, և ընդհանրապես՝ մեր հայտնի դիրքորոշումները բարձրացվել են, բայց համաձայնության հասնել բոլոր հարցերով հնարավոր չի եղել, ինչն էլ արտահայտված է ընդունված հայտարարության մեջ, որը ընդհանուր հայտարարություն է, և առաջընթաց չի երևում այդ հայտարարությունից»:

Դրան զուգահեռ մեդիադաշտ է նետվում միանգամից երկու տեղեկություն: Առաջինը, որը մինչ այս պահը պաշտոնապես չի հերքվել, վերաբերվում էր նրան, որ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը կստորագրվի Թբիլիսիում՝ մինչ նոյեմբերի վերջ: Այնուհետև հայտնի դարձավ, որ նոյեմբերի վերջին կրկին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ինչպես և սպասվում էր՝ Բրյուսելում: Այսօր էլ առանց նախապես տեղեկացնելու ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կհանդիպեն ԱԳՆ նախարարները:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից հրապարակավ հայտարարելով, որ ընդունում է և պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, մյուս կողմից էլ ակնհայտորեն Մոսկվային է մեղադրում պարտավորությունները չկատարելու, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրանք կատարել ունակ չլինելու մեջ և բացահայտ կերպով կրկին թեքվում է դեպի արևմտյան տարբերակ, որը, ինչպես նշեցինք , նույնպես հղի է Արցախի ապագայի համար բավական լուրջ և ռեալ վտանգներով…

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles