Կարեն Անդրեասյանի մանր «շուստրիությունը»

Մարտի 26-ին դռնփակ նիստում քննարկելով Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց Կազմել և հաստատել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնով՝ համաձայն հավելվածի: Որոշումը հրապարակման մեջ մտավ հաջորդ օրվանից՝ մարտի 27-ից:

Ցուցակում 5 դատավորի անուն կա՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Ադրինե Ղուկասյան, Արման Հովհաննիսյան, Տաթևիկ Գրիգորյան: Մեկական թեկնածու էլ ներկայացված է Արարատի և Վայոց ձորի մարզերի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից՝ համապատասխանաբար՝ Հարություն Պետրոսյան և Էդգար Մանասյան:

Այս ցուցակում երկու ուշագրավ անուն կա՝ Արման Հովհաննիսյան և Տաթևիկ Գրիգորյան: Շուրջ մեկ տարի առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այս երկու դատավորներին, ինչպես նաև Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանին հանեց առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից: Հանեց անհիմն կերպով, առանց նրանց տեղյակ պահելու, մինչդեռ նրանց թե՛ բարեվարքությունը, թե՛ գործունեությունը դրական էր գնահատվել, ավելին՝ առաջխաղացման ցուցակից հանված դատավորները համակարգում համարվում են լավագույն վարկանիշ ունեցողներ:

Իհարկե, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է 11 կետ, որոնք նշում են, թե որ դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը կարող է հանվել ցուցակից: Այդ կետերից միայն մեկն է ասում, որ դատավորի անունն առաջխաղացման ցուցակից կարող է հանվել, եթե առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր, և հենց այդ «հիմքն» էր ընկած որոշման հիմքում, սակայն որևէ մեկը մինչև այսօր այդպես էլ չիմացավ՝ այնուամենայնիվ, էդ ի՞նչ էր գտել ԲԴԽ-ն, որ  թեկնածուները 10 կոնկրետ կետերի պահանջներին բավարարում էին, բայց չէին բավարարում առեղծվածային 11-րդ կետի պահանջներին:

Այս պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց, դատավորները դիմեցին դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԲԴԽ-ին՝ որոշումը մասնակիորեն վերացնել և որպես հետևանք՝ իրենց վերականգնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում, նրանց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ, վերջինիս կողմից համաձայնություն տրվելու դեպքում, ՀՀ Նախագահին առաջարկություն ներկայացնել՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ։

Դատավոր Արման Հովհաննիսյանի ներկայացրած հայցադիմումի վարույթ ընդունումը դատավոր Արթուր Ծատրյանը մերժել էր, Գնել Գասպարյանի հայցադիմումը՝ դատավոր Միքայել Մելքումյանի կողմից վարույթ ընդունվել մասնակի։ Վարչական վերաքննիչ դատարանը սակայն՝ դատավոր Էդվարդ Նահապետյանի նախագահությամբ, բավարարել էր Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի բողոքը՝ վերացնելով ընդդեմ ԲԴԽ-ի ներկայացված հայցի ընդունումը մերժելու մասին Վարչական դատարանի որոշումը։ Խնդիրը, ի դեպ, դատական կարգով դեռ չի հանգուցալուծվել:

Եվ ահա Արման Հովհաննիսյանն ու Տաթևիկ Գրիգորյանը կրկին ընդգրկվել են դատավորների առաջխաղացման ցուցակում: Կարեն Անդրեասյանն իր կարծիքով՝ ձիով քայլ է արել: Նախ՝ իբր թե տեսե՛ք, որ ես խնդիր չունեմ, ահա, նրանք ցուցակում են, իսկ մյուս կողմից՝ դիմել է խորամանկության, որը, ըստ իրեն, միայն ինքն է հասկացել: Հայաստանի Հանրապետության 2 լավագույն դատավորներին՝ Արման Հովհաննիսյանին ու Տաթևիկ Գրիգորյանին, Կարեն Անդրեասյանը տեղակայել է առաջխաղացման ցուցակի համապատասխաբար՝  3-րդ և 4-րդ հորիզոնականներում, ինչը նշանակում է, որ նրանք առաջիկա 1-2 տարիների ընթացքում Վերաքննիչ դատարանի դատավոր չեն կարող դառնալ:

Հայաստանի դատական համակարգի վրա վերջին ժամանակների աննախադեպ ճնշումների ֆոնին անգամ այս էժան «շուստրիությունը» դժվար է չնկատել. ԲԴԽ-ն ու քաղաքական իշխանությունը փաստորեն դատական համակարգի դեմ պայքարը տանում են բոլոր ուղղություններով:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles