Փաշինյանի տիկտոկյան պնդումները պրիմիտիվ են, չեն համապատասխանում միջազգային և ազգային իրավունքին. քաղաքացիությունը որևէ անմիջական առնչություն չունի տարածքի հետ. Արամ Օրբելյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պետության մասին տիկտոկյան դասախոսությունների շարքը։ Արդեն երրորդն է, թեման՝ պետության տարածք։

«Եթե ուշադրություն դարձրել եք, քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք՝ չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, այլ ոչ թե միֆական քաղաքացիության մասին։ Տարածքի հետ կապված են նաև իրավունքն ու պարտականությունը, իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է այդ տարածքում, չկա իրավունք, որը կապված չէ կոնկրետ տարածքի հետ»,- տիկտոկյան եթերում նշել է Նիկոլ Փաշինյանը։

168.am–ը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները՝ ինչ է նշանակում՝ կա տարածք, ուրեմն կա քաղաքացիություն, իրավունք, պարտականություն: Սովորական քաղաքացին ինչպես պետք է ընկալի երկրի ղեկավարի այս թեզերը։

Արամ Օրբելյանը նախ հիշեցրեց ու զուգահեռ անցկացրեց մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքի հետ, այսինքն, երբ խոսում են մի բանից, որից ոչինչ չեն հասկանում՝ ընդ որում, ինքնավստահ, լուրջ ու բանիմաց մարդու դեմքով այնպիսի պնդումներ են անում, որոնք կարող են ճիշտ կամ սխալ լինել, համապատասխանել կամ չհամապատասխանել իրականությանը, կամ էլ ընդհանրապես ոչինչ չասող կիսատ մտքեր լինեն։

Կարդացեք նաև
Քաղաքական վերնախավի կողմից դատարանների գործընթացներին միջամտելու ապացուցված դեպքերը եղել են Նիկոլ Փաշինյանի օրոք. Արամ Օրբելյան
ԱԳ նախարար է նշանակվում «Օմեգա» մականունով չհերքված գործակալը, ՊՆ նախարար՝ պատմության վատ ուսուցիչը. Արամ Օրբելյան
Իրենց իշխանությունը պահելու համար կորցնում ենք երկրի ինքնիշխանությունը. նպատակը Հայաստանի չլինելն է. Արամ Օրբելյան
«Այն փաստը, որ այս անձը վարչապետի պաշտոն է զբաղեցնում, որևէ կերպ չի ենթադրում, որ ինքն ունի պետության վերաբերյալ բավարար գիտելիք՝ իրավական ու քաղաքագիտական, որպեսզի կարողանա դա վերլուծել։ Օրինակ, ինքը կարող էր կարդալ դասախոսություն, թե «ինչպես «հաղթել» ընտրություններում», բայց երբ կարդում է պետության մասին, ինչ-որ աբստրակտ տեքստ, որի մեջ ինչ-որ ճիշտ մտքեր կան, բայց ավելի շատ սխալներ կան, ամեն ինչ խառնված է, և ամբողջության մեջ՝ իրականությանը չհամապատասխանող մանիպուլյացիա է։ Եվ սա բառիս բուն իմաստով «Նեսոյի քարաբաղնիսի» տրամաբանության տեքստ է։

Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե՝ պետության տարրերից մեկը դա տարածքն է, և տարածքը քաղաքացիության հետ կապ ունի՝ սա ակնհայտ մանիպուլյացիա է։ Կարելի է պնդում անել՝ եթե չկա տարածք, չկա քաղաքացիություն, որովհետև չկա պետություն, այսինքն՝ եթե պետությունը վերանում է, կարելի է ասել, որ քաղաքացիության խնդիրը պետք է որ չլինի։ Բայց հաշվի առնելով ժամանակահատվածը՝ ինքը նշում է Տավուշի և ընդանրապես ՀՀ սահմանային խնդիրների շրջանակներում»,- նշեց Արամ Օրբելյանը։

Ըստ նրա, եթե այս հարցին մոտենանք ավելի լուրջ, այլ ոչ թե տիկտոկյան մակարդակում, ապա պետական տարածքը, պետական սահմանը, դեմարկացիոն գծերը՝ իրավական ռեժիմներ են, տարածություն և գիծ չեն քարտեզի վրա, կա պետական տարածք, միջազգային տարածք, այլ ռեժիմներ (բաց ծով, հատուկ տնտեսական գոտի, տիեզերք և տիեզերական մարմիններ և այլն, որոնցից յուրաքանչյուրը միջազգային համապատասխան պայմանագրերով ունեն կարգավիճակ և իրավական ռեժիմ)։ Հետևաբար, երբ խոսում են պետական տարածքից, ապա դա այն տարածքն է, որի նկատմամբ պետությունն ունի ինքնիշխանություն։ Նշվածը կարող է որոշակիորեն տարբերվել իրավազորության տարածքից:

«Հայաստանի ինքնիշխանությունը տարածվում է որոշակի տարածքների նկատմամբ, սակայն սա չի նշանակում, որ այն մնացած տարածքներում, որտեղ ՀՀ ինքնիշխանությունը պիտի տարածվեր ու չի տարածվում, օրինակ, որովհետև օկուպացված է Ադրբեջանի կամ որևէ այլ պետության կողմից, դա պետական տարածք չէ, որի վերաբերյալ չպետք է գործողություններ իրականացնեն դրանց ճիշտ կարգավիճակը վերականգնելու համար: Տվյալ դեպքում խոսքն օկուպացված պետական տարածքի մասին է, որը նույնպես իրավական ռեժիմ է, տարբեր մասնակիցների իրավունքներով և պատասխանատվությամբ։ Փորձենք այս համատեքստում վերլուծել Նիկոլ Փաշինյանի մի շարք պնդումներ, օրինակ, որ համամարդկային իրավունքները սահմանափակված են ինչ-որ տարածքներով։ Գոյություն ունի համընդհանուր իրավունք կամ սովորութային նորմեր, որը որևէ պետության տարածքում սահմանափակված չէ, ավելին, սահմանափակված չէ Երկիր մոլորակով»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ միջազգային իրավունքի մասնագետը, ապա շարունակեց պարզաբանել.

«Այլ հարց է, որ խնդիրը մանիպուլյատիվ եղանակով տեղափոխվում է ֆիզիկայի դաշտ, պնդում է արվում, որ նյութի և երևույթների համար ինչ-որ տարածություն և ժամանակ է պետք:

Ակնհայտ է, որ նրա այդ ասածները սուտ են, պրիմիտիվացված են ու չեն համապատասխանում ո՛չ միջազգային, ո՛չ ազգային իրավունքին, որովհետև քաղաքացիությունը որևէ անմիջական առնչություն չունի տարածքի հետ։ Քաղաքացիությունը պետության և քաղաքացու իրավական կապն է, և դա առաջացնում է իրավունքներ ու պարտականություններ և, իհարկե, կապ ունի պետության հետ։ Իհարկե, եթե պետությունը դադարում է գոյություն ունենալ, քաղաքացիությունն ինքնին դադարում է։ Բայց սա լրիվ այլ հարց է, որովհետև սա չի նշանակում, որ, եթե պետության տարածքն «աբստրակտ» է, ինչ-որ ձևով այդ պետությունը երկրորդային է, ամբողջական չէ։ Բոլոր պետություններն էլ պարբերաբար իրենց հարևանների հետ սահմանների պարզեցման խնդիրներ են ունենում, կամ ունեն տարածքային վեճեր, օրինակ, տարիներ շարունակ տարածքային մեծ վեճ ունեն Մեծ Բրիտանիան և Արգենտինան, տարածքային վեճ ունեն Հնդկաստանն ու Պակիստանը և այլ երկրներ։

Կան բազմաթիվ այլ ռեժիմներ, որոնք պետության տարածք չեն, բայց պետությունն իրականացնում է իրավազորություն»,- պարզաբանեց Ա. Օրբելյանը միջազգային իրավունքի տեսանկյունից։

Ըստ նրա, միջազգային իրավունքում տարածքը բացառապես քարտեզով քառակուսի կիլոմետրերով տարածք չէ, այլ իրավական ռեժիմ է, ուստի Նիկոլ Փաշինյանի տիկտոկյան պնդումները շատ պրիմիտիվ են։ Ընդհանրացնելով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ տարածքային վեճերը բավականին տարածված երևույթ են միջազգային իրավունքում, և տարածքային վեճերի առկայությունը որևէ կերպ չի նվաստացնում պետությունների՝ պետություն լինելը, և չի կարող որևէ կերպ բացառել պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ իր պարտավորություններն իրականացնելու պարտականությունը:

Մեր ճշտող հարցին՝ եթե ընդունենք, որ տիկտոկյան, այսպես կոչված, դասախոսությունը վերաբերելի է ոչ միայն Տավուշի մարզի 4 բնակավայրին, այլ անուղղակիորեն նաև Արցախին, ապա Արամ Օրբելյանը հետևյալ պարզաբանումը տվեց.

«Եթե պետությունն էլ դադարում է գոյություն ունենալ միջազգային իրավունքի խախտումներով, միջազգային հանցագործության արդյունքում, ապա բոլոր պետությունները, ներառյալ՝ ՀՀ-ն, ունեն պարտավորություն ապահովելու միջազգային իրավունքի խախտմանը նախորդող իրավիճակի վերականգնումը, այլ ոչ թե պարտակեն միջազգային հանցագործությունը»,- նշեց Արամ Օրբելյանը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles