Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել. ի՞նչ կասի Մոսկվան

Ղրիմի «ինքնորոշման հանրաքվեի» 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Ըստ այդմ՝ «Ղրիմի թերակաղզու ապօրինի անեքսիայի եւ Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել»: Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, որ տասը տարի է անցել Ղրիմի ինքնավար հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկելուց: Պաշտոնական Անկարան «ոչ լեգիտիմ» է անվանում 2014թ. մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն:

«Մենք կշարունակենք ուշադիր հետեւել Ղրիմում իրադարձությունների զարգացմանը եւ գլխավորապես թյուրքական ծագման Ղրիմի թաթարների դրությանը, որ հանդիսանում են թերակղզու արմատական բնակչություն, եւ դա կպահենք մեր առաջնահերթ օրակարգում»-ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությամբ եւ ամփոփված, որ Անկարան չի ճանաչում «փաստացի դրությունը, որ իրենից միջազգային իրավունքի խախտում է ներկայացնում» եւ վերահաստատում է իր «աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ իքնիշխանությանը»:

Այս հայտարարության առանցքը, թերեւս, Ղրիմի ինքնավարության եւ «թյուրքական ծագման թաթարների՝ թերակղզու արմատական բնակչություն» լինելու շեշտադրումն է, ինչից հետեւում է, որ Թուրքիան Ղրիմի հանդեպ եթե ոչ ակնհայտ տարածքային, ապա առնվազն քաղաքական ազդեցության հավակնություններ ունի: Տպավորություն է, որ Ուկրաինայի հսկողության ներքո Ղրիմը կարող է նաեւ «թուրքական» լինել: Անկարան փաստացի իրավիճակը չի ճանաչում նաեւ Ղրիմի թաթարների ներկայիս դրության առումով եւ, կարծես, զգուշացնում է Ռուսաստանին, որ այդ հարցն իր «առաջնահերթությունների օրակարգում է»:

Բարդ է ասել՝ Թուրքիան Մոսկվային Ղրիմի թաթարական ինքնությունը վերահաստատելու առաջարկ արե՞լ է կամ պատրաստվու՞մ է անել, բայց իրողություն է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Ստամբուլ է մեկնել պաշտպանության նախարար Ումերովի ուղեկցությամբ, իսկ վերջինս էթնիկ թաթար է: Զելենսկին անցյալ տարի Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել Ղրիմի թաթարների առաջնորդ Ջամիլեւին: Վերջերս նա հայտարարել է, որ պատրաստ է «պաշտպանության նախարար Ումերովի առաջնորդությամբ վերադառնալ» Ղրիմ:

Միջազգային մամուլում փորձագիտական կարծիք է շրջանառվում, որ Ուկրաինայի հարցում Արեւմուտքը կարող է «Ղրիմը զիջել»: Պաշտոնական Կիեւը բազմիցս մերժել է այդ հնարավորությունը եւ շարունակաբար պնդում է, որ կարգավորման միակ նախապայմանը 1991թ. դրությամբ սահմանի վերականգնում է, երբ ռուսական զորքերը հեռացած կլինեն ուկրաինական բոլոր տարածքներից, ներառյալ Ղրիմի թերակղզին: Ըստ էության, Թուրքիայի ԱԳՆ-ն նույն տեսակետն է հնչեցնում:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ տեղական ընտրություններից հետո սպասում է Վլադիմիր Պուտինին: Ինչու՞ հատկապես տեղական ընտրություններից հետո: Էրդողանը բոլոր ռեսուրսները հավաքագրել է, որպեսզի այդ ընտրություններում իր գլխավորած դաշինքը տպաբորիչ հաթանակ տանի: Վերլուծաբանական բազմաթիվ հրապարակումներում այն միտքն է իշխում, որ հաղթանակ տոնելու դեպքում Էրդողանը հանդես կգա առավել արմատական դիրքերից: Ազգայնականությունը, նորօսմանականությունը եւ քաղաքական իսլամը դառնում են Թուրքիայի գլխավոր խորհրդանիշները:

Ոչ ոք չի կասկածում նախագահական ընտրություններում Պուտինի հաղթանակի վրա, բայց որքանո՞վ է երաշխավորված, որ Ռուսաստանը ոչ միայն կհաղթահարի ուկրաինական ճգնաժամը, այլեւ պատերազմից դուրս կգա ավելի հզորացած՝ ինչպես կանխատեսում է Կրեմլի քարոզչությունը: Ուշադրություն է գրավում, որ Ղրիմի «ինքնորոշման հանրաքվեի» տասերորդ տարեդարձին այլ անդրադարձ, կարծես թե, չկա: Անկարայի բավական կոշտ հայտարարությունն արդյո՞ք հասցեական չէ, իրավիճակային չէ եւ չի բխում Էրդողան-Պուտին հավանական հանդիպման նախապատրաստման ընդհանուր համատեքստից: Գուցե Էրդողանը չի՞ ցանկանում առկա անորոշ վիճակում ընդունել Պուտինին: Ի՞նչ կասի Մոսկվան, կասի՞ արդյոք:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles