Եվրոպական խորհրդարանի հրաժեշտի կարկանդակը Հայաստանին

Եվրախորհրդարանը ընդունում է բանաձեւ, որի նախաձեռնողը Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է, թեեւ բանաձեւը ներկայացվել է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն: Այդ բանաձեւը խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության անհրաժեշտության մասին, նաեւ Հայաստան-ԵՄ մերձեցման, ու այդ համատեքստում առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը: Օրեր առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարն էր, որտեղ կայացվեց որոշում, որ կուսակցությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի համար դարձյալ կառաջադրի Ուրսուլա ֆոն Դեր Լյաենի թեկնածությունը:

Բայց, ինչպիսի՞ն կլինի քաղաքական ուժերի հարաբերակցությունը նոր Եվրախորհրդարանում, ըստ այդմ ինչպիսին կլինի նոր Եվրահանձնաժողովը, պարզ կդառնա միայն հունիսին, երբ տեղի ունենան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները: Այդ իմաստով, ներկայիս Եվրախորհրդարանը Հայաստանի առնչությամբ ընդունում է թերեւս հրաժեշտի բանաձեւ, կամ՝ հրաժեշտի կարկանդակ, եթե հաշվի առնենք Հայաստանին անդամության թեկնածուի կարգավիճակ դիտարկելու մասին արձանագրումը:

Իհարկե այդ արձանագրումից պետք չէ անել հեռուն գնացող եզրակացություն, քանի որ Եվրախորհրդարանն այս տարիներին ընդունել է բավականին ուժեղ բանաձեւեր, որոնք պետք է որ լրջորեն սաստեին Ադրբեջանին, պաշտպանեին Արցախի ժողովրդի ինքնորոշումն ու իրավունքները, անվտանգությունը, դատապարտեին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը եւ այլն, բայց դրանք մնացել են լոկ իբրեւ խորհրդատվական նշանակության մխիթարություններ: Տվյալ պարագայում սակայն հարցը հենց այն է, որ Հայաստանը կարծես թե ստանում է մխիթարության կարկանդակներ, գործնականում կանգնած լինելով շատ բարդ խնդիրների ու մարտահրավերների առաջ, Ադրբեջանի ռազմատենչության նոր ալիքի հետ կապված ռիսկերի, այսպես կոչված «անկլավային» հավակնությունների առաջ, որոնք ըստ էության հիմնավորապես կարող են կազմքանդել հայկական պետականությունն իր ներկայիս տեսքով եւ բովանդակությամբ: Այդ պարագայում խիստ անորոշ է, թե ի՞նչ Հայաստան է օրինակ ստանալու ԵՄ անդամության կարգավիճակ:

Այսինքն, խնդիրը ոչ միայն այն է, թե ինչ Եվրոպա կամ Եվրախորհրդարան է լինելու հունիսից հետո, այլ նաեւ այն, թե ինչ Հայաստան է լինելու այն մարտահրավերների ու ռիսկերի պարագայում, որ կան եւ ուժգնանում են այսօր: Հենց այստեղ, հենց դրա մասին պետք է լինի Հայաստան-ԵՄ երկխոսությունը, եւ մխիթարության կարկանդակների փոխարեն, Հայաստանը հենց այդ «գետնի վրա» թերեւս պետք է ստանա գործուն աջակցություն: Հայաստանի վարչապետի հռետորաբանությունը խոսում է այն մասին, որ չկա այդ աջակցությունը, կամ այն բոլորովին վստահելի կամ հուսալի չէ:

Այլապես Հայաստանն ինչու՞ պետք է պաշտոնական մակարդակում զբաղվեր Ադրբեջանի հավակնությունները դե ֆակտո լեգիտիմացնելու հռետորաբանությամբ, եթե ուներ հավասարաակշռված գործընթացի իրական, համոզիչ եւ ծանրակշիռ աջակցություն, որն ի վիճակի է Բաքվին հետ պահել որեւէ արկածախնդիր կամ շանտաժային գործողությունից: Ահա այդ պատկերն է, որ Հայաստանի վերաբերյալ եվրոպական խոսույթը ըստ էության երեւակում է ոչ թե իբրեւ գործուն ռեսուրսի, այլ բավականին շքեղ տեսք ունեցող կարկանդակի մատուցում, Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարի այն հայտարարության ուղեկցությամբ, որ այս ռեգիոնում իրենք առաջնորդող են տեսնում Թուրքիային: Այն Թուրքիային, որը ոչ շատ ժամանակ առաջ համարժեք աթոռ անգամ չէր տալիս Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լյանին:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles