Իսկ Արցախի պատգամավորներն ինչու՞ են ձգտում լքել Հայաստանը

Լրատվամիջոցներից մեկի տեղեկացվածվածությամբ՝ Արցախի ԱԺ պատգամավորներին «թույլ չեն տալիս հատել ՀՀ պետական սահմանը»: Նրանք, իբր, հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ «հարցաքննության»: Հայաստանի իրավապահներին հետաքրքրում է, թե «ով կարող էր ստիպել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա»: Տեղեկատվությունն անմիջապես հայտնվել է Բաքվի իշխանամերձ մամուլի ուշադրության կենտրոնում:

Թե ինչու՞ է ալիեւյան քարոզչամիջոցին հուզում Արցախի խորհրդարանականների նկատմամբ «կիրառված արգելանքը»՝ հետաքրքիր է: Բացառված չէ, որ Ադրբեջանը վաղն ուռճացնելու է թեման: Բայց ավելի էական է իմանալ՝ նրանք իրոք հրավիրվել կամ հրավիրվու՞մ են Քննչական կոմիտե, Հայաստանի իրավապահներն զբաղվու՞մ են Արայիկ Հարությունյանի հրաժարականով, դրան նախորդած քաղաքական բաց եւ փակ քննարկումներով:

Եւ ինչու՞ միայն պատգամավորների «նկատմամբ է արգելանք կիրառվում»: Եթե խնդիր է դրված պարզելու, թե ինչ հանգամանքներում եւ ինչ նպատակով է անցյալ օգոստոսին Արցախում իշխանափոխություն արվել, ապա ասելիք պետք է ունենան կառավարության նախկին անդամները, միմյանց հաջորդած պետնախարարները, ՊՀ հրամանատարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԱԾ տնօրենը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների առաջնորդները: Մի խոսքով՝ Արցախի ռազմա-քաղաքական էլիտան:

Իսկ այդ էլիտայի որոշ առանցքային դեմքեր ինչու՞ եւ ինչպե՞ս են հատել ՀՀ սահմանը, Արցախի ԱԺ պատգամավորներն ինչու՞ են ձգտում հեռանալ Հայաստանից: ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ամիսների առաջ հարցազրույց է տվել եւ հավաստիացրել, որ խորհրդարանը մինչեւ 2025թ. մայիս ամիսը մնում է լիազորությունների մեջ: Ինչպե՞ս է գործելու ԱԺ-ն, եթե պատգամավորները մեկ առ մեկ լքեն Հայաստանը:

Մի կողմից Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ստեղծել, բռնատեղահանված հանրությանը ներշնչել, որ միջազգային երաշխիքներով կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչումը հասանելի նպատակ է, մյուս կողմից մտադրվել Հայաստանից հեռանալ՝ որքանո՞վ է բարոյական: Խնդիրներ, անշուշտ կան. պատգամավորն էլ ընտանիք ունի, բոլորը չէ, որ ժամանակին հասցրել են Երեւանում «դասավորվել»: Բայց չէ՞ որ նրանք ներկայացնում են տասնյակ հազարավոր իրոք շատ կարիքավոր մարդկանց:

Եւ սա դեռ խնդրի միայն բարոյական-զուտ մարդկային համերաշխության կողմն է, իսկ իրավակա՞նը: Չէ՞ որ այդ մարդիկ՝ Արցախի Ազգային ժողովի քսաներկու պատգամավորները, սեպտեմբերի 9-ին բոլոր առումներով աղետաբեր քվեարկություն են կատարել: Ի՞նչ հաշվարկ կամ երաշխիքներ են ունեցել: Դա քաղաքական ընտրությու՞ն էր, թե՞՝ հարկադրանք:

Քննչական կոմիտեն, բացառված չէ, կարող է ստանալ հարկավոր տեղեկատվությունը, հետո հայտարարել, որ քրեական վարույթ հարուցելու հիմքեր չկան: «Թռչնակն» այդուհետեւ լիովին ազատ կլինի՝ աշխարհի իր նախընտրած երկրում հաստատվելու եւ մի ամբողջ կյանք հանգիստ, անվրդով ապրելու: Այդպե՞ս է կանխածրագրված: Իսկ գուցե Արցախի ԱԺ պատգամավորներն իրե՞նք են «քաղհալածյալի» կերպար ստեղծում, որպեսզի վաղը մի դեսպանատան դուռ ծեծեն եւ ապաստա՞ն խնդրեն: Գուցե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նահանգներում եւ եվրոպաներում ոչ թե բռնատեղահանվածների կոլեկտիվ վերադարձի, այլ Արցախի նախկին պաշտոնյաների քաղաքական ապաստանի հա՞րցն է քննարկում:

Շուշիի քաղաքապետը ֆեյսբուքում մարտի 20-ին «արցախցիների սոցիալական հարցերով» հանրահավաքի անոնս է արել եւ ամփոփել. «Բոլորիդ ներկայությունը պարտադիր է»: Մարդկանց հրապարակ են հավաքում որ ի՞նչ ասեն: Ճիշտ կլիներ, որ հաշվետվություն տային, թե 2022թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2023թ. սեպտեմբերի 9-ը ի՞նչ, ինչպե՞ս եւ ինչու՞ են արել:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles