Ի՞նչ է փորձում կանխել Թբիլիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

Վրաստանի պաշտպանության նախարար եւ փոխվարչապետ Իրակլի Չիկովանին ընդունել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարին: Ըստ հաղորդագրության, նրանք խոսել են երկկողմ հարաբերության ռազմավարական նշանակության մասին: Վրաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Վրաստանը շարունակում է Կովկասի խաղաղությանն ու կայունությանը նպաստելու իր պատրաստակամությունը: Կարեւոր է համարվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ գործակցությունը: Հանդիպումը արժանի է ուշադրության:

Այն տեղի է ունենում եռակողմ այդ գործակցության արտգործնախարարական հանդիպմանը գրեթե զուգահեռ, որը մարտի 15-ին տեղի է ունենում Բաքվում: Միաժամանակ, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն նախօրեին հանդիպել է Վրաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններին, առանձին-առանձին: Ինչու՞ է Վրաստանի վարչապետը որոշել նույն օրը հանդիպել երկու դեսպաններին: Դա պարզապես ժամանակացույցի տեխնիկական հարց է, թե՞ կոնկրետ բովանդակության քննարկման վկայություն, որը կարող է կապված լինել նաեւ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի արտգործնախարարական հանդիպման հետ: Այն, որ տվյալ իրադարձությունների ֆոնին էլ Թբիլիսիում տեղի է ունենում պաշտպանության նախարարի հանդիպումը Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, թերեւս հիմք է տալիս դիտարկելու տարբերակ, որ Վրաստանը փորձում է որոշակի «մաքոքային» սկզբունքով աշխատանք ծավալել հասունացող ինչ որ ռիսկեր կանխարգելելու համար:

Եթե դիտարկենք եւ այն, որ, օրինակ այսպես կոչված «անկլավային գյուղերը» գտնվում են Տավուշի մարզում, այսինքն թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանակից գոտում, իսկ թեման այս օրերին առնվազն քաղաքական եւ տեղեկատվական տիրույթում ստացել է հրատապություն, ապա հասկանալի է դառնում, որ Թբիլիսին կարող է հնարավոր անկանխատեսելի զարգացումների եւ լարման հանդեպ լինել խիստ զգայուն: Առավել եւս, որ բացի զուտ անվտանգային հանգամանքներից, Հայաստան-Ադրբեջան լարման դեպքում Վրաստանը հայտնվելու է այլ բնույթի երկակի ճնշման ներքո: Բանն այն է, որ ռազմական որեւէ էսկալացիայի պարագայում Հայաստանի համար կենսական նշանակություն է ունենալու, թե Վրաստանը ինչքանո՞վ է ապահովելու օրինակ ռազմա-տեխնիկական անխափան մատակարարումներ Ֆրանսիայից, որը Հայաստանի անվտանգության հարցում ստանձնել է բավականին հավակնոտ հանձնառություններ: Դա ենթադրում է, որ Փարիզը ճնշում կբանեցնի Վրաստանի հանդեպ, եթե Թբիլիսին առաջացնի խոչընդոտներ:

Եթե իհարկե Ֆրանսիան չգործի այլ տրամաբանությամբ եւ չփորձի Վրաստանից կերտել «ալիբի»: Թեեւ, Փարիզի պարագայում իհարկե պետք է շատ կարեւոր լինի Հայաստանի դիմադրունակությունը, եթե Ֆրանսիան փորձում է իր աշխարհաքաղաքական կենսունակությունը պահել նաեւ կովկասյան օղակում: Մյուս կողմից, Թուրքիան ու Ադրբեջանը ձգտելու են օգտագործել Վրաստանի նկատմամբ իրենց ամբողջ ազդեցությունը՝ հակառակին հասնելու, այլ կերպ ասած Վրաստանի տարածքով Հայաստանի մատակարարում թույլ չտալու համար: Սա ինքնին մի իրավիճակ է, որում Վրաստանը թերեւս չէր ուզի հայտնվել: Ըստ ամենայնի, Թբիլիսին այս օրերին ջանք է գործադրում այդպիսի իրավիճակում հայտնվելու ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles