Կրեմլը «հաստատել» է Փաշինյանին. մեծ խաղի փոքր դրվագը

Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են: Նա այդ մասին խոսել է ի պատասխան լրագրողների հարցերի, որոնք վերաբերել են Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Հայաստանի վարչապետի բարձրաձայնած մտքին: Իսկ Փաշինյանը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը ՌԴ դաշնակիցը չէ:

Պեսկովը ասել է, որ դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են եւ դա նոր բան չէ, սակայն ռուսական կողմը «համառորեն կշարունակի աշխատանքը իրենց դիրքորոշման ճշմարտացիությունը» բացատրելու համար: Պեսկովն իհարկե իրավացի է: Փաշինյանի հայտարարությունն ընկալվել է այնպես, կարծես այն հնչել է առաջին անգամ: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունն արել է նաեւ ամիսներ առաջ, միջազգային լրատվամիջոցներին իր հարցազրույցներից մեկում, ասելով, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը ՌԴ դաշնակիցը չէ:

Իհարկե էական չէ, թե քանի անգամ է հնչել հայտարարությունը, էական է այն, թե ինչ է հնչել եւ ինչու: Փաշինյանի հայտարարությունը շատերի գնահատմամբ մարտահրավեր է Ռուսաստանին: Գործնականում սակայն, խորքային առումով պատկերը այլ է: Ի վերջո, Ուկրաինայի հարցում Ռուսաստանին Հայաստանի դաշնակցությունը պե՞տք է: Հազիվ թե: Այդ դաշնակցությունն անգամ այսպես ասած բարոյական իմաստով չի փոխի ոչինչ: Ռուսաստանը չունի Հայաստանի դաշնակցության կարիքը: Եվ ավելին, Ռուսաստանն այդ կերպ ստանում է նաեւ Ադրբեջանի հարցում Հայաստանի հանդեպ իրեն դաշնակցի կարգավիճակին համարժեք չդիրքավորելու «արդարացում»:

Դրանից բացի, Ռուսաստանը մեծ հաշվով չունենալով ուկրաինական հարցում Հայաստանի դաշնակցության որեւէ էական անհրաժեշտություն, միեւնույն ժամանակ ամենեւին դեմ չի լինի թերեւս, եթե Հայաստանն իր դիրքորոշման միջոցով կարողանա իր անվտանգության միջավայրում ապահովել արեւմտյան բլոկի պատասխանատվության աճ: Ինչ խոսք, Ռուսաստանն այստեղ խիստ զգայուն է լինելու ռազմավարական ռիսկերի իմաստով, սակայն մարտավարական հարցերում Մոսկվան թերեւս որեւէ կերպ սկզբունքային առարկություն չի ունենա իրավիճակին, երբ Հայաստանին հաջողվի բարձրացնել արեւմտյան բլոկի պատասխանատվությունը Կովկասում հայ-ադրբեջանական կայունության հարցում:

Ռուսաստանին այժմ անհրաժեշտ է այդ կայունությունը, եւ հակառակը՝ Ուկրաինայում ռազմական առավելության հասած Ռուսաստանին Կովկասում «շեղելը» կարող է մարտավարական «դիտարկվող» ուղղություն լինել Արեւմուտքում: եթե դրան ավելացնենք նաեւ Իրանի խնդիրը, ապա զգալիորեն պարզ կլինի այն բարդ խաղը, որի շրջանակում է պետք դիտարկել Փաշինյանի հայտարարության հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը, եւ ընդհանրապես այդ հայտարարության նշանակության աստիճանը Կովկասի շուրջ ծավալվող մեծ ու բարդ խաղում:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles