Ադրբեջանի սահմանադրության կեղծիքը եւ սպառնալիքը

Ադրբեջանի սահմանադրության նախաբանում ամրագրված է, որ Ադրբեջանի ժողովուրդն այն ընդունում է «զարգացնելով իր պետականության բազմադարյա ավանդույթները, որպեսզի հաստատի արդարություն, ազատություն եւ անվտանգություն՝ գիտակցելով իր պատասխանատվությունն անցյալ, ներկա եւ ապագա սերունդների առջեւ»:

Սահմանադրության իմաստով «Ադրբեջանի ժողովուրդը» նրա տարածքի ամբողջ բնակչությունն է՝ անկախ էթնիկ ծագումից եւ դավանանքից: Այսինքն, հիմք է ընդունված քաղաքացիությունը: Կեղծիքն ակնհայտ է, որովհետեւ «Ադրբեջան» անվանված աշխարհագրական տարածքի, որի մեկնաբանությունը տրված է ԱԴՀ ստեղծման հռչակագրում՝ որպես «Արեւելյան եւ Հարավային Անդրկովկաս» – ժողովուրդները երբեք միասնական պետականություն չեն ունեցել:

Պատմությանը հայտնի չէ նաեւ ադրբեջանական պետականություն, ուստի «պետականության դարավոր ավանդույթներ» ձեւակերպումը կեղծարարություն է: Ավելի ճիշտ՝ Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասի բոլոր ժողովուրդների պետականության յուրացում: Ադրբեջանի սահմանադրության սպառնալիքն այն է, որ հռչակում է «արդարություն հաստատելու» նպատակ: Դա ամենեւին էլ սոցիալական արդարությունը չէ, հակառակ դեպքում այդպես էլ կգրվեր: Հեղինակները պարզապես խարդախամտություն են դրսեւորել եւ ձեւակերպումից դուրս են թողել «պատմական» բառը:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հենվի ոչ միայն միջազգային իրավունքի, այլեւ պատմական արդարության վրա: Սահմանադրությամբ «արդարության հաստատման» նպատակը հենց այդ իմաստն էլ ունի: Ի հավելումն, Ադրբեջանի սահմանադրությունը պատասխանատվություն է ստանձնում ոչ միայն ներկա եւ ապագա, այլեւ՝ անցյալ սերնդի առջեւ: Ի՞նչ է դա նշանակում, եթե ոչ՝ որ Ադրբեջանը պարտավորվում է ի կատար ածել կամ շարունակել անցյալ սերնդի գործը: Ովքե՞ր են «անցյալ սերունդը» ՝ հստակ չէ, ձեւակերպումը լայն մեկնաբանության տեղ է թողնում:

Ցանկության եւ աշխարհաքաղաքական ավելի նպաստավոր իրավիճակում Ադրբեջանը կարող է հայտարարել, որ հանդիսանում է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասում Արաբական խալիֆայության կամ Ակ-Կոյունլու ցեղապետության իրավահաջորդը եւ հավակնում է այն բոլոր տարածքներին, որ գտնվել են նրա կամ սելջուկ թուրքերի տիրապետության տակ: Ադրբեջանական «պատմագիտությունը» չի զլանում եւ թուրք-ադրբեջանական է համարում Սեֆյան Պարսկաստանը: Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ նոր պատմություն է գրվել: Ըստ այդմ՝ նա «սերում է Ակ-Կոյունլու ցեղախմբի առաջնորդ Ուզուն Հասանից, իսկ վերջինս էլ Սեֆյան արքայատոհմի հիմնադիր Շահ Իսմայիլի նախապապն է»: Սա ամենեւին էլ ,,գիտական փորձարարություն» չէ: Բաքվում լրջորեն մտահոգված են, որ Ալիեւը «միապետություն է ստեղծում»:

Այս համատեքստում խոսել, որ Հայաստանի անկախության Հռչակագիրը «պատմական արդարության վերականգնման խնդիր է դնում»՝ քաղաքական առումով ակտուալ չէ, իսկ իրավական մեկնաբանության տեսանկյունից շատ խոցելի է: Անկախության Հռչակագրում ասված է, որ Հայաստանի ժողովուրդը պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման եւ պատմական արդարարության հաստատման գործում: Սա անթերի ձեւակերպում է, որովհետեւ պետական հանձնառություն չի ենթադրում: Իսկ Ադրբեջանի սահմանադրության պարագայում 1991թ. հռչակված պետությունն Արեւելյան եւ Հարավային Անդկովկասում երբեւէ գոյություն ունեցած պետական կազմավորումներն ,,ադրբեջանական,, են եւ անընդմեջ, ուստի՝ իրավահաջորդությամբ միմյանց կապված: Դա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles