Գեղարդը սրբազան մասունք

Հայ Առաքելական Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբում է դեկտեմբերի 2-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվելու է Սուրբ Պատարագ և դուրս է բերվելու Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում մնալու է մինչև 18։00։

Գեղարդի մասին հիշատակվում է Նոր Կտակարանի մեջ՝ Հովհաննեսի Ավետարանում: Այն հիշատակվում է Հիսուսի խաչելության դրվագում. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ»:

Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։

Հայ մատենագրության մեջ Գեղարդը՝ նիզակի խոցող հատվածը, ծայրը, կոչվել է աստվածամուխ՝ Աստծո կողը մխրճված: Իսկ ըստ եկեղեցական ավանդության, հարվածողը եղել է Ղունկիանոս հարյուրապետը, ով հետագայում առաքյալների կողմից մկրտվել և դարձել է քրիստոնյա։ Նա ևս նահատակվել է քրիստոնեական հավատքը քարոզելու համար և հետագայում սրբադասվել ավանդական եկեղեցիների կողմից:

Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդը առաջին դարի երկրորդ կեսին Հայաստան է բերել Քրիստոսի առաքյալներից և Հայոց առաջին լուսավորիչներից սուրբ Թադեոս առաքյալը։ Ավանդության հիմքում սուրբ Թադեոսի վկայաբանությունն է, որը 5-րդ դարում՝ հայոց գրերի գյուտից հետո, Սամուել եպիսկոպոսն ասորերենից թարգմանել է հայերեն:

Համաքրիստոնեական այս սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում: 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը։

13-րդ դարից Սուրբ Գեղարդը հանգրվանել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը 1687 թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։

Արդեն մի քանի դար է՝ Սուրբ Գեղարդը Մայր տաճարից դուրս է բերվում 7 տարին մեկ՝ սրբալույս մյուռոնի օրհնությանը: Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն՝ մյուռոնօրհնությունը կատարվում է երեք մեծագույն սրբություններով՝ սուրբ Գեղարդով, Գրիգոր Լուսավորչի մասունքներն ամփոփող աջով և Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչով:

Հիշատակություններ կան, ըստ որոնց Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։ Օրինակ՝ 18-րդ դարի վերջին վրաց երկու թագավորները դիմել են Սիմեոն Երևանցի և Ղուկաս Կարնեցի կաթողիկոսներին՝ խնդրելով Գեղարդը տանել Թիֆլիս՝ ժանտախտի համաճարակը փարատելու համար: Տարբեր հիվանդությունների բուժման նպատակով սուրբ Գեղարդը տարվել է նաև Արևելյան Հայաստանի մի շարք քաղաքներ:

Գրավոր վկայությունների համաձայն՝ սուրբ Գեղարդի զորությամբ այդ հիվանդությունները վերացել են: Մեր օրերում նույնպես Գեղարդի զորությամբ հրաշքներ լինում են՝ սրբությանը հավատքով մոտեցողների կյանքում:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles