Համահայկական խաղերն ու աշխարհաքաղաքական Մեծ խաղը

Օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ 8-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը: Այդ անդրադարձը սակայն խաղերի մասին չէ, դրան անդրադարձողներ կլինեն թերևս շատ: 8-րդ խաղերի փոքր առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ դրանց մասնակցում են հայկական պատվիրակություններ մի քանի երկրից, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից: Համահայկական խաղերին առաջին անգամ մասնակցում է Սաուդյան Արաբիայում ապրող հայերի պատվիրակությունը: Սա թերևս ավելին է, քան զուտ մարզական, զուտ խաղերի առնչվող հանգամանքը, նախ և առաջ հաշվի առնելով այն միջազգային կարևորությունը, որ ստանում է Սաուդյան Արաբիան ներկայիս իրողությունների պայմաններում: Օրինակ, հենց այս օրերին Սաուդյան Արաբիայում տեղի է ունենում ուկրաինական պատերազմի կարգավորմանն առնչվող մեծ միջազգային համաժողով: Ինչ արդյունք կունենա այն, դժվար է ասել, և թերևս ավելորդ է մտածել, թե այդ համաժողովը բերելու է կարգավորման:

Սակայն, դա ևս մեկ անգամ վկայում է ՍԱ աճող դերը միջազգային հարաբերություններում, քաղաքական և տնտեսական զարգացումներում: Եվ այդ համատեքստում, Հայաստանի հանրապետության համար շատ կարևոր է դառնում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության հեռանկարը, հաշվի առնելով նաև այդ երկրի մեծ դերակատարությունն արաբական աշխարհում: Իսկ արաբական աշխարհի հետ Հայաստանն ավանդաբար ունի լավ հարաբերությունը, ինչը կարևորագույն գործոն է դառնում հատկապես այժմ, երբ աշխարհաքաղաքական հիմնական բևեռների միջև սուր դիմակայության հանգամանքը փոքր պետությունների, այդ թվում Հայաստանի համար կարևոր է դարձնում հավասարակշռության հավելյալ գործոնների ձևավորումը, որում արաբական աշխարհն ու Հայաստանը կարող են գտնել ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ, հաշվի առնելով այն, որ գործնականում բավականին փոխկապակցված է անվտանգության ճարտարապետությունը՝ կովկաս-մերձավորարևելյան, կամ մեծմերձավորարևելյան շրջանակում: Այստեղ ահա արաբական աշխարհի առաջատարի ուղղությամբ աշխատանքը ունի մեծ նշանակություն: Եվ այդ հարցում օգտակարություն կարող են ունենալ այդ երկրում ապրող, թեկուզ փոքրաթիվ հայերը, նպաստելով երկու երկրների հարաբերության այսպես ասած հասարակական, տնտեսական ասպեկտի ընդլայնմանը: Թեման պահելով ուշադրության ներքո, անդրադարձել ենք նաև այն հանգամանքին, որ ընթացիկ տարում մեկնարկել են Երևան-Էր Ռիյաթ ուղիղ ավիափոխադրումներ, որ իրականացվում է սաուդական ավիաընկերության միջոցով:

Անկասկած է, որ դիվանագիտական հարաբերության բացակայությունը, որը ղարաբաղյան հակամարտությունում Սաուդյան Արաբիայի՝ Ադրբեջանին աջակցության հետևանք էր, զգալիորեն նվազեցնում է երկկողմ հարաբերության արդյունավետության հեռանկարը, սակայն, մեծ հաշվով դառնում է այդ ուղղությամբ աշխատանքի հավելյալ խթան: Առավել ևս, որ չնայած դիվանագիտական հարաբերության բացակայությանը, այդուհանդերձ տարիներ ի վեր կա նվազագույն հարաբերություն առաջին դեմքերի, վերջին տարիներին նաև արտգործնախարարների մակարդակում: Դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կար պետական տոների առիթով առաջին դեմքերի միջև փոխադարձ շնորհավորանքների իրողությունը, իսկ 2021 թվականին տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Էր Ռիյադ, որն առաջինն էր հայ-սաուդական միջպետական հարաբերության համատեքստում: Իհարկե, դրանից կարճ ժամանակ անց Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից, սակայն վերջին տարիներին կա նաև արտգործնախարարների փոխադարձ շփում, որի արդյունքում սակայն դեռևս չի խոսվում երկկողմ դիվանագիտական հարաբերություն վերականգնելու թեմայի վերաբերյալ: Այդուհանդերձ, դա չպետք է խանգարի զարգացնել նաև այսպես ասած «ժողովրդական դիվանագիտության» հնարավորությունը, այդ գործին ներգրավելով ՍԱ-ում ապրող հայերին:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles