Մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ․ Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պետնախարարը նշել է, որ չնայած գազամատակարարման վերականգնմանը, Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել:

«Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել։

Դրա համար, չեմ դադարում ասել, մենք պետք է լինենք առավելագույնս կազմակերպված ու կարգապահ։ Այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի զգանք թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ բացթողումները շտկելու համար»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Պետնախարը նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս կազմակերպված գործել և հրատապ արձագանքել բնակչության առաջնահերթ կարիքներին:

Քննարկվել է պարենային ապրանքների և դեղորայքի շուկաներում ներկա իրավիճակը։

Պետնախարարը հանձնարարել է իրավասու մարմիններին շարունակել շուկայի դիտարկումները և արձագանքել անհիմն գնաճի դրսևորումներին։

Ներկայացվել է նաև հանրապետությունում դրամաշրջանառության և մասնավորապես, կանխիկ գումարի ծավալի հետ կապված իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Պետնախարարը պատասխանատուներին հանձնարարել է հանգամանալից ուսումնասիրել խնդիրը և լուծումներ առաջարկել։

Անդրադարձ է եղել նաև շրջափակման հետևանքով վերադառնալ չկարողացող աշխատակիցների բացակայության խնդրին։ Նշվել է, որ համապատասխան կարգավորումներ պետք է կատարվեն` իրավիճակով պայմանավորված բացակայությունները հարգելի համարելու համար։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացիկ վիճակը և համակարգի բնականոն գործունեությանն ուղղված գործողությունները։ Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս զեկուցել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles