Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «Ford» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։