Նախկին ահաբեկիչները չեն կարող ոտքի կանգնեցնել Սիրիան․ հայ համայնքում արտագաղթի տրամադրություններ են

Սիրիայի նոր կառավարության նկատմամբ հայկական համայնքի մի մասը վստահություն, մյուսները՝ դժգոհություն են հայտնում, կարծելով, որ նախկին ահաբեկիչները չեն կարող ոտքի կանգնեցնել Սիրիան, որը վերջին տասնամյակում գտնվել է պատերազմների և ներքին հրահրումների խառնարանում։

«Տնտեսությունը Ասադի կառավարության տարիներին գահավիժել է և այժմ Սիրիայի նոր տերերը՝ Ասադի վարչակարգի տապալումից հետո, փորձում են բարեկամ պետությունների օժանդակությունների հաշվին ուղղել մեր մեջքը։ Չեմ կարծում, թե կհաջողեն, որովհետև նրանք բոլորը բավարար կրթություն չունեն, մեծ մասն ահաբեկիչներ են, որ ժամանակին ղեկավարել են զինված խմբավորումներ, հիմա արդեն նստել են երկրի ղեկին։ Պարզ է, որ օտար պետությունների ազդեցությամբ են գործելու, այս դեպքում՝ Թուրքիայի, որն ամեն կերպ ջանում է ջնջել Սիրիայի պատմությունը»,-MediaHub-ին ասում է Դամասկոսում ապրող Վարուժան Քոսակյանը։

Նրա խոսքով՝ Մոհամադ ալ-Ջուլանին խտրական վերաբերմունք չի տածում սիրիահայ համայնքի հանդեպ։ Ավելին, նոր առաջնորդը խոսել է երկրում ապրող ազգերի հավասար իրավունքների, կրոնական ազատության, կանանց կրթության և Սիրիայի բարգավաճման գործում ազգային փոքրամասնությունների դերակատարման մասին։

«Պրոտոկոլի համար բնական է, որ ամեն ինչ խոստանալու են, սակայն, իրավիճակն իրական աչքերով այլ է։ Սիրիայում դեռևս հաստատված չէ կայուն խաղաղություն։ Թուրքիան ամեն ինչ անում է, որ մեծացնի իր տարածքները, մյուս կողմից՝ Իսրայելը երկարացրել է ձեռքերը Գոլանի բարձունքների ուղղությամբ, իսկ երկրի ներսում անորոշ իրավիճակ է։ Միակ լավ նորությունն այն է, որ այսօրվանից գործարկվելու է Դամասկոսի օդանավակայանը… շուտով հայրենիք վերադարձողների մեծ հոսք է լինելու, տները չթանկացնեք»,-եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *