«Սպիտակ սաղավարտներ»-ը պարգևատրում են առաջարկել նրանց, ովքեր կօգնեն գտնել Սիրիայի գաղտնի բանտերը

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը՝ այսպես կոչված, «Սպիտակ սաղավարտներ»-ը, 3000 ԱՄՆ դոլար պարգևատրում են խոստացել ցանկացածին, ով Սիրիայի գաղտնի բանտերի տեղակայման վայրերի վերաբերյալ ուղղակի տեղեկատվություն կտրամադրի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Սպիտակ սաղավարտներ»-ը նաև հինգ արտակարգ թիմ են տեղակայել Սեդնայայի բանտում, որպեսզի գտնեն ստորգետնյա բանտախցերը, որտեղ, ենթադրաբար, պահվում են բանտարկյալները։ Ըստ ծառայության հաղորդագրության, որը հրապարակվել է X սոցիալական հարթակում, թիմերի կազմում են որոնողափրկարարական ստորաբաժանումներ, պատեր փլուզող մասնագետներ, վարժեցված շներ, բուժաշխատողներ։

BBC-ն իր հերթին հաղորդում է, որ զինված ընդդիմությունը երկրում վերահսկողություն հաստատելուց հետո առաջին հերթին ազատել է Սեդնայայի բանտի բանտարկյալներին։

Այնուամենայնիվ, «Սպիտակ սաղավարտներ»-ը հայտնել են, որ առայժմ չեն գտել այն գաղտնի դռները, որոնց մասին նշվում է, սակայն կշարունակեն փնտրել դրանք այն մարդկանց օգնությամբ, որոնք գիտեն բանտի մուտքերը և գաղտնի միջանցքները։

Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *