Բռնագրավում են արցախցիների գումարները

Արցախցիները հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի միջոցով կարող են հասնել նրան, որ մուտք ունենան իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվներին, տնօրինեն այդ հաշիվների գումարները և օգտագործեն այն բազմաթիվ սոցիալական խնդիրների գոնե մասնակի լուծման համար, որոնց բախվել են բռնի տեղահանվելուց հետո։ Սակայն Սահմանադրական դատարանը հերթական անգամ ցույց տվեց իր հավատարմությունը գործող քաղաքական իշխանությանը. մերժեց արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցների հետ կապված օրենսդրական փոփոխության վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների դիմումը։

Դրանով, ըստ էության, ՍԴ-ն, քաղաքական իշխանության հետ ձեռք ձեռքի տված, ավարտին հասցրեց արցախցիների կուտակային կենսաթոշակային գումարների արգելափակման կամ բռնակցման գործընթացը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ազգային ժողովի քպ-ական քաղաքական մեծամասնությունը որոշեց առանց արցախցիներին հարցնելու՝ նրանց կուտակած կենսաթոշակային գումարները տեղափոխել Հայաստանի կուտակային համակարգ, ինչի իրավունքը ոչ մեկն իրենց չէր տվել։

Դրանով արցախցիները զրկվեցին ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում իրենց միջոցները տնօրինելու ու օգտագործելու հնարավորությունից։ Չնայած դժվար է անգամ պատկերացնել՝ է՞լ ինչ պետք է լիներ, որ մարդիկ կարողանային ժամանակից շուտ տնօրինել իրենց կուտակած միջոցները, որոնց կարիքն այսօր, առավել քան երբևէ, ունեն։ Թե՞ իշխանությունները կարծում են, որ այնքան օգնություն ու օժանդակություն են տրամադրել այս մարդկանց, որ կուտակած կենսաթոշակային գումարները ժամանակից շուտ տնօրինելու կարիք այլևս չկա։ Հավանաբար դրա համար նաև որոշել են հաջորդ տարվանից աստիճանաբար կրճատել օգնության չափը, վերանայել 40+10 հազար դրամների ծրագիրը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *