Հավաքականում բարոյահոգեբանական վատ մթնոլորտ է, լավ ֆուտբոլիստներ կան, բայց չկա Հենրիխ Մխիթարյանը, ով ոչ միայն բարձրակարգ ֆուտբոլիստ է, այլ նաև անվերապահ հեղինակություն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հանդիպումների մասին:
«Նիկոլ Փաշինյանն անվերջ պարտությունների սիմվոլ է, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը որևէ հաջողություն որևէ տեղ չի ունենալու: Մեղավորներից մեկն ինքն է, ֆեդերացիայում ստեղծվել է մի իրավիճակ, որը չի արտացոլում իրական պատկերը, թե ինչ են ուզում ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները։ Մենք տեսնում ենք, որ ֆան ակումբներն ու ֆուտբոլով հետաքրքրված մարդիկ պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, զրո արձագանք: Հայաստանի հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը շատ վատ վիճակում է։ Թիմում լավ ֆուտբոլիստներ կան, բայց չկա Հենրիխ Մխիթարյանը, ով, բացի նրանից, որ շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, նաև ունի առաջնորդի հատկություններ, անվերապահ հեղինակություն»,- նշել է Վանեցյանը։
Անդրադառնալով ՀՖՖ նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ նա նշել է, որ փորձել է այնպես անել, որ քաղաքականությունն ու ֆուտբոլը չխառնվեն իրար.
«Երբ քաղաքականությունը խառնվեց ֆուտբոլին, որպեսզի ես ֆուտբոլին չվնասեմ, որոշում կայացրեցի ու ինքնակամ հեռացա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ՀՖՖ նախագահին հեռացնելու տարբերակ իշխանությունները չունեին, նրանք պետք է վնաս տային ֆուտբոլին, որն իմ համար անընդունելի էր»,- նշել է Վանեցյանը։