«Ալիևը փուչիկ թեզեր է ստեղծում, դրանք հեշտությամբ կարելի է ուղղել իր դեմ»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ալիևը փուչիկ թեզեր է ստեղծում, դրանք հեշտությամբ կարելի է ուղղել իր դեմ»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր Բաքվում «Վերադարձի իրավունք. զարգացնել արդարությունը Հայաստանից վտարված ադրբեջանցիների համար» թեմայով երկրորդ «միջազգային» կոնֆերանսն էր անցկացվում։ Այս կոնֆերանսի մասնակիցներին ուղղված Ալիևի խոսքում հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջան»։ Ալիևի խոսքում նշվում էր․ «Արևմտյան Ադրբեջանում, ներկայիս Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և փուլ առ փուլ բռնությամբ վտարվել իրենց պատմական հայրենիքից»։

Նա նաև ասել էր․ «Հայաստանն անում է ամեն ինչ՝ հերքելու, որ ադրբեջանական ժողովուրդը դարեր շարունակ ապրել և հարուստ մշակութային ժառանգություն է ստեղծել իր պապենական հողերում»։

Ձեռքի հետ էլ «յուրացվում» իրանական Կապույտ Մզկիթը։ «Այս պատմամշակութային վայրերից պահպանվել է միայն Կապույտ մզկիթը, որը ադրբեջանական ճարտարապետության և իսլամական մշակույթի ամենավառ օրինակներից է: Այնուամենայնիվ, Հայաստանը փորձում է միտումնավոր փոփոխել Կապույտ մզկիթի նախնական պատմաճարտարապետական ​​ոճը և այն ներկայացնել այլ անվան տակ»,- ասված էր Ալիևի խոսքում։

Ալիևը նաև ասել էր․ «Ցավոք, հայ հասարակության մեջ մեր ժողովրդի հանդեպ արմատացած ատելությունը, «մեծ Հայաստանի» առասպելները, Հայաստանի սահմանադրության մեջ դեռևս ամրագրված տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ և այս երկրի արագ սպառազինումը խոչընդոտում են երկու երկրների միջև կայուն խաղաղությանը»։

Սա ասվում է մի բռնապետի կողմից, ով հայի հանդեպ ատելություն քարոզում է պետական մակարդակով, որ ՀՀ-ի նկատմամբ տարածքային անթաքույց պահանջներ է առաջ քաշում, ով հստակ կազմակերպեց ու իրագործեց 120,000 հայերի բռնի տեղահանումը իրենց հայրենիքից, ով պատերազմ ու ագրեսիա սկսեց, իրագործեց պատերազմական հանցանքներ, ում հերոսը եղել ու մնում է քնած հային կացնահարած Սաֆարովը ու ով ուղղակի ոչնչացնում է քրիստոնեական ողջ ժառանգությունը Արցախում․․․

Ճշմարտությունն այն է, որ Ալիևը փուչիկ թեզեր է ստեղծում, դրանք հեշտությամբ կարելի է ոչ միայն վերացնել, այլև ուղղել իր դեմ։ Իրավունքից, տեղակատվական պայքարից, դիվանագիտությունից հասկացող ու պետական շահով ղեկավարվող իշխանության պարագայում Ալիևը փոշմանելու էր իր ամեն ասածի համար, բայց դե ներկայիս իշխանության պայքարը նախկինների դեմ է, իսկ ավելի ստույգ՝ նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանի, հետո միգուցե պայքարեն սեփական կուսակցությունում առկա նախկին ԲՀԿ-ական ու Հանրապետական ներկայացուցիչների դեմ․․․Պատկերացնում էի՞ք Փաշինյանը Աղազարյանի դեմ պայքար հայտարարելու փոխարեն ասեր, որ բոլոր օրինական միջոցներով կպայքարի Ալիևին պատժելու համար, իհարկե՝ ոչ, չէ՞ որ նրա առաքելությունը ադրբեջանական թեզերի կրկնությունն է, այնքան է կրկնել, որ արդեն շփոթմունք է առաջանում դա Ալիևի ասածն է, թե Փաշինյանի․․․

Բայց՝ եթե լուրջ է՝ ափսոս է շատ մեր պետությունը, ափսոս է՝ այս ամենը Ալիևի դեմ չուղղելը, հատկապես այն դեպքում, երբ պայքարը դեռևս ընթանում է տեղեկատվական, քաղաքական ու դիվանագիտական հարթությունում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *