Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը երկրի հպարտությունն է. այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հավանաբար, աշխարհում չկա մեկ այլ արտգործնախարար, որն այսքան պրոֆեսիոնալ, բանիմաց, հմայիչ, հումորի զգացումով լինի և միաժամանակ կատաղի կերպով պաշտպանի իր երկրի շահերը։ Սա, հավանաբար, հպարտություն է մեր երկրի համար, և մենք, իհարկե, բոլորս միանում ենք մեր նախագահին ՝ շնորհավորելով Սերգեյ Վիկտորովիչին ծննդյան օրվա առթիվ»,- ասել է նա ճեպազրույցում։
Նա հավելել է, որ Լավրովից օրինակ են վերցնում երիտասարդ դիվանագետների բազմաթիվ սերունդներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական շքանշանով՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության զարգացման և իրականացման գործում մեծ ավանդի, ինչպես նաև կառավարության երկարամյա արդյունավետ գործունեության համար», ասված է հրամանագրում։
Լավրովը մարտի 21-ին դառնում է 75 տարեկան։ Նա զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը շուրջ 22 տարի՝ զիջելով միայն Խորհրդային Միության նախարար Անդրեյ Գրոմիկոյին (28 տարի պաշտոնավարում): Նա ՌԴ կառավարությունում ավելի երկար է աշխատել, քան որևէ այլ նախարար։
Լավրովն ԱԳՆ համակարգում աշխատում է 1972 թվականից։ 1992-1994 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, իսկ 1994-2004 թվականներին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը։