Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմակшն տարբերակ է անհրաժեշտ. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանին միջուկային զենք ստեղծելուց հետ պահելու համար «ռազմական տարբերակ» կարող է պահանջվել. երկիրն օգնություն է խնդրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ասել է արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Բրյուսելում POLITICO-ի հետ զրույցում Սաարն ընդգծել է, որ ժամանակը սպառվում է, քանի որ Իրանը բավականաչափ ուրան է հարստացրել «մի քանի ռումբ ստեղծելու» համար և միջոցներ է որոնում՝ իր հարստացված միջուկային նյութը սպառազինության վերածելու համար: Իսկ դա, ըստ իսրայելցի պաշտոնյայի, դա ահռելի ապակայունացնող ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի վրա:

«Ուստի մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է նա։ Սաարի խոսքով՝ թեև Իսրայելը ցանկանում է դիվանագիտական ​​ճանապարհով առաջ շարժվել, սակայն նման մոտեցման հաջողության հնարավորությունները «մեծ չեն»: Ըստ Իսրայելի ԱԳ նախարարի՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցման ձախողումը «աղետ կլինի Իսրայելի անվտանգության համար»:

«Կարծում եմ՝ Իրանի միջուկային ծրագրի՝ նախքան դրա սպառազինության վերածվելը, կասեցման նպատակով հուսալի ռազմական տարբերակը պետք է սեղանին դրվի»,- ասել է նա՝ պատասխանելով Թրամփի նախագահության օրոք հարվածների հնարավորության մասին հարցին։ Դա չկատարելու դեպքում «միջուկային մրցավազք կսկսի Մերձավոր Արևելքում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ», հավելել է նա:

Սաարի մեկնաբանությունները համընկնում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոստման հետ՝ Թրամփի օգնությամբ «ավարտելու գործը»՝ ձախողելու Իրանի միջուկային հավակնությունները:

Թրամփն ասել էր, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, այլ ոչ թե «ռմբակոծել», սակայն անվտանգության հարցերով նրա գլխավոր խորհրդական Մայք Ուոլցը վերջերս շեշտել էր, որ «բոլոր տարբերակները» մնում են սեղանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *