Քանի հայկական կողմից դիմադրություն չկա, միանշանակ պատերազմ լինելու է․ Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություն են սկսել

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում։ Սրան զուգահեռ ռուսական լրատվամիջոցները ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան «հատուկ գործողություն» են անվանում և վստահեցնում, որ Ռուսաստանը չի խառնվի։

Արմինե Հայրապետյանը, որ ամեն օր ուսումնասիրում է տարածաշրջանային զարգացումներն ու մեդիա նետված տեղեկությունները, վստահեցնում է՝ պատերազմը չի ուշանա։

«Քանի հայկական կողմից չեն տեսնում որևէ դիմադրություն ու ամենուր դեռևս հաղթում են, միանշանակ է, որ պատերազմ լինելու է։ Իրենք դա նույնիսկ չեն թաքցնում, իսկ մենք բացառությունները ներկայացնում ենք որպես օրինաչափություն»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց նա։

Մեր զրուցակիցը մատնանշեց, որ ռուսական LIFE.ru կայքը ՀՀ դեմ ագրեսիան համարում է շատ հավանական, ու պնդում, որ այն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ը տորպեդահարելու և Արևմուտքի հետ մերձենալու հետևանք է:

Հայրապետյանը մատնացույց արեց ամենօրյա ռեժիմով ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող լուսանկարներն ու իրենց կողմից տիրաժավորվող ՀՀ նոր քարտեզը՝ առանց Սյունիքի։

«Այստեղ, վստահ, չի օգնի Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը։ Ավելին, դա կնպաստի, որ Հայաստանը համալրի Վրաստանի և Ուկրաինայի նման երկրների շարքը։ Այդպես եղավ այդ երկրների հետ 2008 և 2014 թվականներին։ Ես մոլի ռուսամետ չեմ, բայց Հայաստանի գործող ղեկավարության քայլերը դաշնակից Ռուսաստանի հանդեպ հանգեցրել են նրան, որ Արցախից հետո Հայաստանը կկորցնի Սյունիքը, որն աշխարհագրորեն այժմ համարվում է Հայաստանի դարպասը, և որը պաշտոնական Բաքուն համարում է իրենը։ Ալիևը պաշտոնապես պատերազմ չի հայտարարի, բայց, ամենայն հավանականությամբ, կդիմի ռազմական գործողության։ Անկարան հանդես կգա որպես Բաքվի դաշնակից, Երևանը օգնություն կխնդրի Ֆրանսիայից, սակայն Ֆրանսիան կհրաժարվի անմիջական միջամտությունից: ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը նույնպես անպատասխան կմնա, քանի որ Երևանը սառեցրել է անդամակցությունը։ Ադրբեջանական բանակի հետ մենակ մնալով՝ պատկերացնում եմ, ինչպիսին կլինի մեր վիճակը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *