Առողջապահության նախարարությունը և ՊԱԳ-ը մեզ ոչ մի բան պարտք չէ․ Հարություն Քուշկյան

MediaHub-ը երեկ հոդված էր գրել այն մասին, որ առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոններին տասնյակ միլիոնների գումարներ է պարտք, որոնք անցյալ տարվանից չի վճարել ու հայտնի էլ չէ՝ երբ է վճարելու։

Նշել էինք, որ մենք հետաքրքրվել էինք և պարզել, որ խոշոր ԲԿ-ներից, օրինակ, «Էրեբունի» հիվանդանոցին, նախարարությունը մոտ 300 մլն դրամ է պարտք, Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցին՝ 30 մլն, «Աստղիկ» ԲԿ-ին՝ մոտ 100 մլն ու այսպես շարունակ։ Մարզային ԲԿ-ներին ևս դեկտեմբերի 15-ից հետո որևէ գումար չեն վճարել, ու ամեն մեկին տարբեր չափով ֆինանսական պարտավորություն ունի կատարելու նախարարությունը։ Նկատել էինք նաև, որ որոշ բժշկական կենտրոններ խուսափում էին ուղիղ խոստովանել, որ իրենց գումարներ է պարտք նախարարությունը կամ չասել հստակ գումարի չափ՝ հավանաբար չցանկանալով լարել հարաբերությունները պետության և նախարարության հետ, և մենք ստիպված եղանք այլ խողովակներով ճշտել, որ պետությունն, իսկապես, պարտք է այդ ԲԿ-ներին։

Ու քանի որ մեր ինֆորմացիան վստահելի աղբյուրից էր ու ճիշտ էր, որևէ հիվանդանոցից որևէ մեկը մեզ ուղիղ չհերքեց, որ նման բան չկա, պարզապես զգացինք, որ խուսափում են պատասխանել։ Մասնավորապես, մեզ ասացին՝ կճշտեն ու կպատասխանեն, բայց այդպես էլ որևէ բան չպատասխանեցին։

Միակ պատասխանը, որ ստացել ենք, եղել է «Նաիրի» ԲԿ-ից, որի խոսնակ Աննա Ղազարյանը մեզ բառացի փոխանցեց հետևյալը․ «Ֆինանսական բաժնի ղեկավարը արձակուրդում է, ոչ մի բան չեմ կարող ասել»։ Սրանից մենք եզրակացրինք, որ «Նաիրի» ԲԿ-ից ևս ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են մեր տեղեկությունը, պարզապես չեն ցանկանում պատասխանել։ Եվ հոդվածը հրապարակվելուց հետո էլ տևական ժամանակ որևէ ԲԿ-ից մեզ հետ չեն զանգել ու չեն ասել, թե մեր գրած թիվը սխալ է կամ մեր ինֆորմացիան ճիշտ չէ։ Նախարարությունից ևս որևէ զանգ, արձագանք կամ հերքում չի եղել։

Ավելին, հոդվածը կարդալուց հետո այլ հիվանդանոցներից մեզ ծանոթ բժիշկներ մեզ գրեցին, թե շատ ճիշտ հոդված ենք գրել, և իրենց ևս նախարարությունը փող է պարտք, որը չի փոխանցել։

Անցավ մի քանի ժամ, և գիշերը ուշ ժամի մեզ հետ կապ հաստատեց «Էրեբունի» և «Նաիրի» հիվանդանոցների հիմնադիր և ղեկավար, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, որպեսզի պարզաբանումներ մտցնի մեր հրապարակած ինֆորմացիայի հետ կապված։

Զգացինք, որ պարոն Քուշկյանը վրդովված է մեր գրած թվից, թե ո՞վ է տվել մեզ այդ ինֆորմացիան, որ նախարարությունը մոտ 300 մլն դրամ է պարտք «Էրեբունի» ԲԿ-ին, եթե իրենք մեզ այդպիսի տվյալ չեն տվել։ Մենք բացատրեցինք, որ մեր աղբյուրներից ենք ստացել այդ տեղեկատվությունը։

Պարոն Քուշկյանն էլ խնդրեց բառացի գրել, որ նախարարությունը իրենց որևէ գումար պարտք չէ, իրենք նախարարի և նախարարարության հետ որևէ խնդիր չունեն, շատ լավ համագործակցում են, և ֆինանսավորման հետ կապված էլ որևէ դժգոհություն չունեն, իրենց մոտ ամեն ինչ նորմալ է։

«Որևէ պարտք, պահանջ առողջապահության նախարարությունը չունի մեզ հետ, այդ 300 միլիոնը սխալ թիվ է, էդպիսի բան չկա»,- MediaHub-ին ասաց Հարություն Քուշկյանը։

Մենք նկատեցինք, որ նախարարն ինքն էլ չի հերքել, որ դեկտեմբերի 15-ից հետո գոյացած գումարները չի վճարել, ու դեռ պետք է ուսումնասիրություն անի, որ նոր որոշի՝ ում ինչքան է վճարում, և եթե թիվն է սխալ, դա այլ հարց է, բայց պարոն Քուշկյանը նորից պնդեց․ «Ես օֆիցիալ ասում եմ՝ նախարարությունը և ՊԱԳ-ը մեզ ոչ մի բան պարտք չէ»։

Իսկ այս զանգից հետո՝ այսօր առավոտ կանուխ, մեզ հետ նորից կապ հաստատեց արդեն «Նաիրի» ԲԿ-ի խոսնակ Աննա Ղազարյանը և նշեց․ «Տեղեկացնում ենք, որ առողջապահության նախարարությունը պետպատվերի գումար պարտք չէ «Նաիրի» ԲԿ-ին»։

Մենք երկու պատասխաններն էլ ընդունեցինք ի գիտություն և հարկ համարեցինք դրանք արտացոլել այս հոդվածում, մնացած հետևությունները թողնում ենք ընթերցողին։

Վահե Մակարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *