Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան։
«Նա հրավերն ընդունել է, հուսով ենք այցը մոտ ժամանակներս տեղի կունենա»,- երկու օր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Պաշտոնական մակարդակում հայ-ռուսական հարաբերություններն այսօր բարդ են», — պնդել է Լավրովը:
Հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքը Լավրովը բնութագրել է հնարավորինս դիվանագիտական «բարդ» բառով, թեև ավելի տեղին կլինի «ճգնաժամ» տերմինը:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Մոսկվայի առաջնահերթությունները փոխվեցին, ու Հայաստանի դաշնակիցն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ամբողջ ծավալով իրականացնել դաշնակցային պարտավորությունները:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդիր քաղաքականություն, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում ավելանում է տոկսիկ բաղադրիչը:
Վերջին օրերին իշխանական ակնհայտ քաջալերանքով խրախուսվում է հակառուսական հռետորաբանությունը՝ չարդարացված ակնկալիքներ ձևավորելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի հանդեպ:
Այս համատեքստում դժվար է ակնկալել, թե Միրզոյանի մոսկովյան այցը կարող է բեկում մտցնել հայ-ռուսական հարաբերություններում, մանավանդ, որ դրանցում ավանդաբար առանցքային դեր է վերապահված պետության առաջնորդներին:
Սուրեն Սուրենյանց