Երեխայի դաստակներն ու ոտնաթաթերը ցրտահարված են եղել, թոքաբորբ է ունեցել, բայց ծնողները հրաժարվել են տանել հիվանդանոց. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել

Ստեփանավանում արձանագրված դեպքի առթիվ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ծնողների կողմից երեխայի խնամքը ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, որով կա մեկ տուժող, այս պահին կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Լոռիում փետրվարի 21-ին, համայնքային ոստիկան Եղինյանը, սոցաշխատակից Ալվարդ Դավոյանի, տեղամասի մանկաբույժ Հասմիկ Մուրադյանի հետ կատարված համատեղ տնայցի ժամանակ պարզել են, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունն ընդհանրապես ջեռուցված չի եղել:

Մանկաբույժը երեխայի ծնողներին՝ Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ, երեխան առանց ծնողների, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»:

Նշենք, որ 247-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *